Լիբանանում հրադադարի հայտարարումից հետո ավելի քան 570 հազար ներքին տեղահանվածներ սկսել են վերադառնալ իրենց տները։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ հրադադարից հետո նոյեմբերի 28-ի դրությամբ ավելի քան 578,6 հազար ներքին տեղահանված անձ սկսել է վերադառնալ իր տները։ Սա Լիբանանում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 25-ը գրանցված 899,7 հազար ներքին տեղահանվածների մոտ 65 տոկոսն է: Զեկույցում նշվում է նաև, որ ներքին տեղահանվածների ընդհանուր թվի 51%-ը կանայք են, 49%-ը՝ տղամարդիկ։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ էր հասցնում լիբանանյան տարածքում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։
Նոյեմբերի 26-ին Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարեցին հրադադարի մասին։ Զինադադարի պայմանների համաձայն՝ 60 օրվա ընթացքում իսրայելական զորքերը դուրս կգան Լիբանանից, «Հեզբոլլահ»-ի զինյալները կլքեն սահմանային շրջանները, իսկ լիբանանյան բանակը կտեղակայվի այնտեղ։