Ադրբեջանի արտգործնախարար Ջեյխուն Բայրամովը հեռախոս է ունեցել վրացի նորանշանակ իր գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։
Զրույցի ընթացքում Բայրամովը շնորհավորել է Բոճորիշվիլիին Վրաստանի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում։
«Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների զարգացման ծրագրերն ու հեռանկարները։ Ընդգծվել է, որ երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակի են, իսկ ինտենսիվ այցերը, քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմները նպաստում են ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։