Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի՝ միջազգային հարցերով և առևտրային համաձայնագրերի գծով խորհրդական Միրհադի Սեյեդին հայտնել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտուրը մինչև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը մոտ 2 մլրդ դոլար էր, որն այժմ հասել է 5 մլրդ-ի։
«ԵԱՏՄ հետ համաձայնագրի իրականացման առաջին տարում՝ 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբեր մեր արտահանումն 82 տոկոս աճ է գրանցել այն ապրանքների գծով, որոնք ներառվել են արտոնյալների ցանկում»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ ժամանակավոր համաձայնագրի արդյունքները դրական են եղել, ինչի արդյունքում էլ մշտական համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ են սկսվել:
Սեյեդին նշել է, որ այժմ մշտական համաձայնագիրը հաստատվել է երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի խորհրդարաններում, իսկ Իրանում, Հայաստանում և Ղազախստանում հաստատումը դեռ չի ավարտվել։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կսկսի գործել վերջին խորհրդարանի հաստատումից երկու ամիս անց: