Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը հայտարարել են, որ համանախագահելու են Պաղեստին պետության ստեղծման համար համաժողովը, որը տեղի կունենա 2025թ․ հունիսին։
«Առաջիկա ամիսներին մենք միասին կբազմապատկենք և կմիավորենք մեր դիվանագիտական նախաձեռնությունները՝ բոլորին այս ճանապարհով տանելու համար»,-Մակրոնի խոսքերն է մեջբերում France Presse գործակալությունը։
«Մենք ցանկանում ենք ներգրավել մի քանի այլ գործընկերների և դաշնակիցների՝ ինչպես եվրոպացի, այնպես էլ ոչ եվրոպացի, որոնք պատրաստ են շարժվել այս ուղղությամբ, բայց սպասում են Ֆրանսիային»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից պաղեստինյան պետության ճանաչմանը, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան նման գործողություն կիրականացնի «ճիշտ պահին»։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է 2025 թվականի հունիսին իսրայելապաղեստինյան հակամարտության հարցով «խաղաղության համաժողով» անցկացնելու որոշումը՝ «հակամարտությունը դադարեցնելու և պաղեստինյան պետություն ստեղծելու համար անդառնալի քայլերի խթանման նպատակով»։
Որոշմանն աջակցել է 157 երկիր, 7-ը ձեռնպահ է մնացել, 8-ը՝ դեմ, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Հունգարիան և Արգենտինան։