Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի հումանիտար գոտում հատուկ գործողության արդյունքում սպանել են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման մի քանի բարձրաստիճան հրամանատարների։ Այս մասին հայտնում է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը (COGAT):
««ՀԱՄԱՍ»-ը շարունակում է օգտագործել հումանիտար գոտին իր ահաբեկչական գործունեության համար: Այսօր Իսրայելի պաշտպանության ուժերը ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ահաբեկիչներին, ովքեր ահաբեկչական գործողություններ էին իրականացնում Խան Յունիս հումանիտար գոտում»,- ասված է հայտարարության մեջ:
COGAT-ը նշել է, որ իսրայելական զինվորականները մի շարք միջոցներ են ձեռնարկել՝ նվազեցնելու քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգը, այդ թվում՝ օգտագործելով ճշգրիտ կառավարվող զինամթերք և օդային հետախուզությունը։