Վաշինգտոնի վարչակազմը նախատեսում է նոր միջոցներ ձեռնարկել Վրաստանի իշխանությունների դեմ, այդ թվում՝ լրացուցիչ սահմանափակումներ մտցնել։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին հրապարակված գրավոր հայտարարության մեջ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«ԱՄՆ-ը այս պահին պատրաստվում է կիրառել իր տրամադրության տակ գտնվող գործիքները, այդ թվում լրացուցիչ պատժամիջոցներ մտցնել, իսկ հետագայում վերանայել երկկողմ համագործակցությունը, որի մասին ավելի վաղ հայտարարել էինք»,-նշել է պետքարտուղարը՝ շեշտելով, որ Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն այն անձնանց, ովքեր օգտվել են խաղաղ ցույցերի և կարծիք արտահայտելու իրավունքից։
Բլինքենի կարծիքով, «պատասխանատու անձինք, ովքեր մեղավոր են ապօրինի ուժ կիրառելու մեջ», պետք է ամբողջովին կրեն պատասխանատվություն։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, ԶԼՄ-ների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մեզ հատկապես անհանգստացնում են իրավապահների գործողությունների պատճառով մարդկանց լուրջ վնասվածքները»,-հայտարարել է Բլինքենը։