Դեկտեմբերի 4-ին Չինաստանի փոխվարչապետ Չժան Գուոչինգը այցելել է Իրան և հանդիպումներ ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ: Այս մասին հայտնում է Իրանի նախագահի գրասենյակը:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները։
Իրանի նախագահը Չինաստանի հետ հարաբերությունները որակել է բարեկամական, ջերմ և ռազմավարական՝ հավելելով, որ հետամուտ է այդ երկրի հետ համապարփակ համաձայնագրի իրագործմանը: Փեզեշքիանը, նշելով, որ ԱՄՆ-ն միջազգային ասպարեզում հեգեմոնիայի է ձգտում, շեշտել է, որ Իրանը վճռական է ընդլայնելու Չինաստանի և Ռուսաստանի հետ իր համագործակցությունը՝ միաբևեռությանը դիմակայելու համար։
Իր հերթին Չինաստանի փոխվարչապետը նշել է, որ Իրանը Չինաստանի համար ռազմավարական և կարևոր գործընկեր է, իսկ Պեկինը Թեհրանի հետ հարաբերությունները դիտարկում է ռազմավարական և երկարաժամկետ հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման համատեքստում։