Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել՝ համաձայն որի պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ։ Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակած փաստաթղթում նշված է, որ ցուցակում ընդգրկված է 19 մարդ, մասնավորապես՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, Թբիլիսիի քաղաքապետ Կախան Կալաձեն, ինչպես նաև մի շարք դատավորներ և Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ:
«Ես հենց նոր ստորագրեցի մի հրամանագիր, որն ուժի մեջ է դնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցների մասին որոշումը։ Այս պատժամիջոցներն ուղղված են Վրաստանի կառավարության այն հատվածին, որը Վրաստանը հանձնում է Պուտինին։
Միջազգային հարաբերություններում դա այդպես է գործում. եթե ժամանակին չես արձագանքում կամ չես պատասխանում սկզբունքորեն, ապա տասնամյակներ են կորչում, իսկ երկրներից խլում են իրենց ազատությունը: Մենք չպետք է կորցնենք որևէ մեկին այս տարածաշրջանում՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ Ուկրաինային։ Մենք պետք է միասնական լինենք Մոսկվայից պաշտպանվելու հարցում։ Եվ մենք կոչ ենք անում Եվրոպային, Ամերիկային և աշխարհի բոլորին անել նույնը՝ գործել սկզբունքորեն։»,-իր Թելեգրամ ալիքում հրապարակած տեսաուղերձում ասել է Զելենսկին։
Նշենք, որ նախօրեին Զելենսկին հայտարարել էր Կիևի կողմից վրացական իշխանությունների դեմ սահմանափակող միջոցներ նախապատրաստելու մասին։