Թուրքիան Հալեպի հանդեպ պատմական ագահություն ունի: Նման կարծիք է հայտնել Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին՝ հավելելով, որ Անկարան Հալեպի օկուպացիայում ահաբեկիչներին ուղղակիորեն աջակցելու տարբեր դրդապատճառներ ունի:
Ըստ նրա՝ նման դրադապատճառներից է Սիրիայի հյուսիսում քրդերի թուլացումը և քրդական շրջանի ձևավորման կանխումը, Թրամփի ապագա քաղաքականության մեջ Թուրքիայի տարածաշրջանային դիրքի խթանումը, «անվտանգության գոտի ստեղծելու» անվան տակ դիմադրության առանցքին հարվածելը:
Իրանցի փորձագետը կարծում է, որ Թուրքիան միտված է Կովկասում և այլ տարածաշրջաններում Ռուսաստանից միավորներ հավաքել, Գազայում հնարավոր զինադադարից հետո Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում առաջնահերթություն ձեռք բերել և Սևծովյան խաղաքարտին ավելացնելով Սիրիայի խաղաքարտը` գազը եվրոպական շուկաներ տեղափոխելու բացառիկ արտոնություն ստանալ ։
«Ուշադրության է արժանի Թահրիր ալ-Շամի և այլ խմբավորումների ահաբեկիչների էթնիկ կազմը, քանի որ խմբավորման մեջ արաբներից բացի, կան նաև «ծագումով թյուրքեր», որոնք այն տարածաշրջաններից և երկրներից են, որոնց Թուրքիան ներկայացնում է «թյուրքական կամ թուրանական աշխարհի» տեսքով»,- ասել է Քազեմին:
Նրա կարծիքով՝ թուրքական աշխարհը, որպես ՆԱՏՕ-ի թուրանական թև, ձգտում է հարվածել նաև Չինաստանին և Ռուսաստանին։