Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է երկիրը՝ հեռանալով անհայտ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ղեկավարին:
Ռամի Աբդուռահմանը գործակալությանը հայտնել է, որ Ասադը Դամասկոսից մեկնել է օդանավով կիրակի վաղ առավոտյան:
Ավելի վաղ սիրիացի զինյալներն էին հայտարարել, որ մուտք են գործել Դամասկոս, քաղաքի բնակիչներն էլ հայտնել են կրակոցներ և պայթյուններ լսելու մասին:
Սիրիայի կառավարությունից առայժմ մեկնաբանություններ չկան:
Նախօրեին հաղորդվել էր իսլամիստ զինյալների կողմից Սիրիայի ևս մեկ կարևորագույն շրջանի՝ Դարաայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և դեպի մայրաքաղաք առաջանալու մասին, որից շուրջ 20 կմ էին հեռու:
Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան զինյալներին կոչ էր արել պատրաստ լինել՝ գրավելու Դամասկոսը:
Իսլամիստ զինյալներն իրենց կայծակնային հարձակումը սկսել էին նոյեմբերի 27-ին և արդեն գրավել էին Հալեպ ու Համա կարևորագույն քաղաքները:
Երեկ Դոհայում Սիրիայի հարցով հանդիպում էին ունեցել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի ուշ հայտնել էր, թե Մոսկվան, Թեհրանն ու Անկարան ցանկանում են Սիրիայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում՝ կոչ անելով կողմերին երկխոսություն սկսել։