Կահիրեում հանդիպել են Իրանի ու Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA լրատվամիջոցը:
Փեզեշքիանն ընդգծել է տարածաշրջանում Իսրայելի գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և այդ հարցում իսլամական ումմայի միասնության կարևորությունը:
Անդրադառնալով Սիրիային՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ այդ երկրում ցանկացած զարգացում պետք է տեղի ունենա Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում:
Փեզեշքիանը կարևորել է նաև Թուրքիայի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը, ինչպես նաև իսլամական երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանումը, միասնական արժույթի ստեղծումը:
Էրդողանը ևս կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը և հույս հայտնել, որ համատեղ համագործակցությամբ այդ երկրում կայունություն ու անվտանգություն կհաստատվի: Տարածաշրջանի կայունության համար նա կարևոր է համարել Իրանի ու Թուրքիայի միջև համագործակցության զարգացումը: