Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստում նախատեսվում է առաջարկել նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուժի մեջ կմնան գործող ուղեվարձերը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշել է, որ ավտոբուսներից և միկրոավտոբուսներից օգտվելու համար մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը կպահպանվի մեկ երթևեկության 100 դրամանոց արժեքը, որը հնարավոր կլինի վճարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով և բանկային քարտերով, տրոլեյբուսների ուղեվարձը մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը կմնա 50 դրամ, մետրոյի ուղեվարձը կպահպանվի 100 դրամ՝ նույն ժամկետում։ Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքվելու են՝ ամբողջությամբ անցնելով էլեկտրոնային վճարման։
«Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։
Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:
Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:
Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:
Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին»,- գրել է Կոստանյանը։
Նա հավելել է նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով։