Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում՝ օգտվելով սահմանադրական համապատասխան դրույթից։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարի ավագ խորհրդական Մեհմեթ Ուչումը։
«Սահմանադրության 116/3 հոդվածի համաձայն՝ նախագահ Էրդողանին որպես թեկնածու առաջադրելու բացառիկ հնարավորություն կա։ Նրա առաջադրման քննարկումն օրակարգում կարող է հայտնվել 2027 թվականի երկրորդ կեսին»,-X-ի միկրոբլոգում գրել է խորհրդականը։
Նա նաև հերքել է Էրդողանի հնարավոր առաջադրման և քրդական հարցի լուծման կառավարության ներկայիս նախաձեռնությունների միջև որևէ կապ, ինչը Թուրքիայի որոշ շրջանակների կարծիքով կարող է օգնել գործող նախագահին ընտրություններից առաջ միավորներ հավաքել։ Այս երկու հարցերի միջև, ինչպես նշել է Ուչումը, «ոչ մի կապ չի կարող լինել՝ ոչ ժամանակավոր, ոչ էական»: