Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի Բաքու և Երևան այցին։
«Այցը նախօրոք պլանավորված է եղել։ Երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարևոր են։ Մեզ համար Հարավային Կովկասի անվտանգությունը շատ կարևոր է և այդ կարևոր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը պահպանելու և ամրապնդելու համար օգտագործում ենք ցանկացած հնարավորություն։ Վստահ ենք՝ անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից՝ հեռու արտաքին միջամտությունից։ Այս այցն էլ այդ երկու երկրների հետ հարաբերություններն ու քննարկումներն ամրապնդելու նպատակով էին, որպեսզի վստահ լինենք, որ տարածաշրջանում խաղաղությանն պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված նախկին գործընթացները, այդ թվում՝ 3+3-ը դեռ կշարունակվեն, և Իրանը պատրաստ է այս ուղղությամբ ունեցած հնարավորություններով աջակցել այս գործընթացին»։
Պատասխանելով ԵՄ-ին ՀՀ հնարավոր անդամակցությանը ՌԴ-ի արձագանքի վերաբերյալ հարցին՝ խոսնակը հրաժարվել է դիրքորոշում հայտնել և նշել է, որ այդ հարցի ճիշտ հասցեատերը չէ։