Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին, անդրադառնալով Վրաստանի և Եվրամիության ներկայիս հարաբերություններին, նշել է, որ համագործակցության դինամիկան վերջին շրջանում էականորեն փոխվել է:
«Համագործակցության դինամիկան վերջին շրջանում էականորեն փոխվել է և նախկինում Վրաստանի ավանդական գործընկերներն ու դաշնակիցները ներկայումս դարձել են թիվ մեկ քննադատները և, կարելի է ասել, դրոշակակիրները Վրաստանի ներքին գործերին միջամտելու և ճնշում գործադրելու տեսանկյունից»,- ասել է արտգործնախարարը:
Նախարարը մատնանշել է, որ այս վարքագծի հիմքերը կարող են կապված լինել տարածաշրջանում անվտանգության աճող մարտահրավերների հետ, ինչը հրահրում է որոշ եվրոպական երկրների մոտ անհանգստություն։
«Այսօրվա իրավիճակը բարենպաստ չէ։ Ոչ մեկին դուր չի գալիս այն իրավիճակը, որում հայտնվել են Վրաստանի և Եվրամիության հարաբերությունները։ Սակայն մենք խորապես հավատացած ենք, որ որոշ պայմաններ՝ հաշվի առնելով մեզ հասնող հայտարարությունները, շատ շուտով կարող են փոխվել, և ի հայտ կգան լրիվ նոր հնարավորություններ»,- ընդգծել է Բոճորիշվիլին։
Նա հայտնել է, որ եվրոպացի գործընկերների հետ հաղորդակցությունը շարունակվում է դիվանագիտական ուղիներով։