Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց հետո կօգնի խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։
«Հուսով եմ, որ Թրամփը կնպաստի տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանը, այլ ոչ թե արյունահեղությանն ու պատերազմին»,-նշել է Իսլամական Հանրապետության նախագահը՝ պատասխանել այն հարցին, թե ինչ ուղերձ կուզենար հղել Թրամփին՝ հաշվի առնելով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը մեծացնելու նրա խոստումները։
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Իրանը սկզբունքորեն դեմ չէ Թրամփի վարչակարգի հետ բանակցություններին, բայց խնդիրը ոչ թե բանակցություններն են, այլ դրանց արդյունքում ստանձնած պարտավորությունների կատարումը, որը Միացյալ նահանգները չի արել ու հետամուտ է եղել Իրանի վարչակարգի տապալմանը։ Իրանի նախագահը նաև շեշտել է, որ Իրանը պատերազմից չի վախենում, բայց պատերազմ էլ չի ցանկանում։ Նրա խոսքով՝ եթե Իրանի միջուկային օբյեկտների դեմ գործողություն լինի, Իրանը կպաշտպանի իրեն։