Իրանի խորհրդարանում Իրան-Հայաստան բարեկամության խումբը Երևան այցի շրջանակներում հանդիպել է ՀՀ ԱԺ-ում խմբի հայաստանյան նախագահ Նարեկ Բաբայանի, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության խթանումը, տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը։ Ընդգծվել է երկկողմ առևտուրը 3 մլրդի հասցնելու հարցում երկրների կամքը։
ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ հանդիպմանն իրանական կողմը աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և այն կարևոր քայլ համարել Հարավային Կովկասում կայունության հաստատման համար։ Կարևորվել է նաև տրանսպորտային երթուղիների, հատկապես ՝ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի զարգացման գործում ՀՀ դերը։
Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն իրանական կողմը վերահաստատել է, որ Իրանը դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում ցանկացած ապաշրջափակում պետք է տեղի ունենա ՀՀ ազգային ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։
Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի ուղեկցությամբ հունվարի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանը և պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: