Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտգործնախարարն ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկրների միջև ռազմավարական գործընկերությունն օրինակելի է և հարաբերություններն էլ ավելի արագ տեմպերով կզարգանան։
«Ե՛վ Վրաստանը, և՛ Ադրբեջանը կարևոր դեր են խաղում տարածաշրջանում։ Մեր երկրների միջև ամուր կապերը ոչ միայն օգուտ են տալիս մեզ, այլ նաև կայունացնող գործոն են մեր տարածաշրջանի այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար»,- հայտարարել է Բոճորիշվիլին։ Նա նշել է, որ խաղաղությունը հիմնարար է առաջընթացի համար:
«Ցավոք, Վրաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի կողմից օկուպացված երկու շրջաններով երկիր, ինչը զգալիորեն մեծացնում է մեր անվտանգության մարտահրավերները։ Ավելին, լայն տարածաշրջանում ծավալվող իրադարձությունները լրացուցիչ անվտանգության ռիսկեր են պարունակում։ Այնուամենայնիվ, Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առանձնանում է փոխադարձ հարգանքը միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչը կազմում է մեր գործընկերության հիմքը»,- ասել է վրաց արտգործնախարարը։
Բոճորիշվիլին ընդգծել է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եռակողմ ձևաչափով ավելի սերտ համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ ընդգծելով եռակողմ ձևաչափով համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հարցեր, ինչի համատեքստում վրաց արտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանը Վրաստանի առևտրատնտեսային խոշոր գործընկերների հնգյակում է։