Հունվարի 16-ին Դոհայում Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև ստորագրված համաձայնագրի առաջին փուլը պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի մասին նախատեսում է 33 իսրայելցի գերիների ազատ արձակում՝ 2000 պաղեստինցի գերիների դիմաց։ Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։
Նրա տեղեկություններով՝ գործարքի առաջին փուլը կտևի 42 օր, իսկ համաձայնագրի իրականացումը կսկսվի ստորագրումից երկու-երեք օր հետո։ Սկզբում ազատ կարձակվեն 33 պատանդները՝ կանայք և երեխաներ, այնուհետ կին զինվորներ, 50-անց տղամարդիկ և երիտասարդներ, որոնք բնութագրվում են որպես «մարդասիրական դեպքեր»։
Դրա դիմաց Իսրայելը ազատ կարձակի իր բանտերում պահվող 2000 դատապարտված պաղեստինցու, այդ թվում՝ մոտ հազար մարդու, որոնք կալանավորվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո։ Փոխանակման համար հաստատված պաղեստինցի բանտարկյալներից մոտ 250-ը ցմահ բանտարկություն է կրում։ Գործարքի շրջանակներում ազատ չեն արձակվի 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը անմիջականորեն մասնակցած անձինք։