Ինչպես Իրանի գերագույն առաջնորդն է հայտարարել՝ տարածաշրջանը պետք է վերահսկվի և կառավարվի տարածաշրջանի երկրների կողմից, և կարիք չկա, որ աշխարհի ծայրից իրար խառնեն տարածաշրջանը: Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում ՌԴ պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:
Նա գոհունակություն է հայտնել, որ Իրան-ՌԴ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը զարգանում է:
Փեզեշքիանն անդրադարձել է նաև Իրան-ՌԴ ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագրի ստորագրմանը՝ նշելով.
«Ստորագրելով այս պայմանագիրը՝ մենք կարող ենք ամրապնդել մեր հարաբերությունները անվտանգության, մշակույթի, առևտրի ոլորտներում։ Մենք վերացրել ենք այս պայմանագրի իրագործման և գործարկման բոլոր խոչընդոտները և վճռական ենք այն իրականացնելու հարցում»:
Փեզեշքիանը հայտնել է, որ երկու երկրների միջև Իրանում նոր ատոմակայան կառուցելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Իր հերթին Պուտինն ընդգծել է, որ ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիրը կնպաստի տնտեսական համագործակցության զարգացմանը և տարբեր ոլորտներում հարաբերությունների բազմազանեցմանը: