Սիրիայի պաշտպանության նոր նախարար Մուրհաֆ Աբու Կասրան հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) չեն կարող պահպանել իրենց ռազմական բլոկը Սիրիայի զինված ուժերի կազմում։
«Նրանք կմտնեն Պաշտպանության նախարարություն հիերարխիայի մեջ… բայց նրանց համար ռազմական դաշինք մնալը… ճիշտ չէ»,-Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է Աբու Կասրան։
Պաշտպանության նախարարը SDF-ին մեղադրել է բանակցությունները ձգձգելու մեջ՝ նրանց ընդգրկումը պաշտպանության նախարարությունում անվանելով «սիրիական պետության իրավունքը»։
SDF-ը, որը կառավարում է Սիրիայի հյուսիս-արևելքում կիսաինքնավար շրջանը, առաջարկել էր ինտեգրվել Պաշտպանության նախարարության կազմում՝ միաժամանակ պահպանելով իր կառուցվածքը որպես անկախ դաշինք։ SDF-ի հրամանատար Մազլում Աբդին էլ վերջերս Սաուդյան Արաբիայի Asharq News-ին տված հարցազրույցում ասել էր, որ իրենց առաջնահերթությունը ապակենտրոնացված վարչակազմն է:
Նշենք, որ 2024թ․ դեկտեմբերի 21-ին պաշտպանության նախարար նշանակված Աբու Կասրան նպատակ ունի մինչև մարտի 1-ը միասնական ռազմական կառույցի մեջ համախմբել Սիրիայում գործող բազմաթիվ խմբավորումները, ներառյալ նախկին ապստամբական խմբերը: SDF-ի ինտեգրումը, սակայն, մնում է վիճելի: ԱՄՆ-ի աջակցությունը ստացող խմբավորումը անվտանգության սպառնալիք է Թուրքիայի համար։