ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը Չինաստանի հետ արտաքին առևտրի, ինչպես նաև հարկերի ու դրույքաչափերի վերաբերյալ կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի և տարածաշրջանային շուկայի վրա։ Նման կարծիք է հրապարակել Dünya տնտեսական պարբերականը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը բարձրացնել մինչև 50%-ի և 20%-ի բոլոր այլ ներմուծումների համար: Հրատարակությունը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, նման իրավիճակում «ամերիկյան ընկերությունները կվերակազմավորեն իրենց մատակարարման շղթաները այն երկրների շուրջ, որոնք ավելի ցածր սակագներ ունեն»։ Միաժամանակ վտանգ կա, որ Եվրոպան պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքերի դեմ, և կստեղծվի հակաամերիկյան առևտրային ինչ-որ բլոկի։ Սակայն սպառնալիքը մնում է այն, որ Չինաստանն իր չվաճառված ամերիկյան արտադրանքը կուղղորդի դեպի այլ շուկաներ, այդ թվում՝ Թուրքիա՝ ագրեսիվ կերպով դեմպինգ անելով և լուրջ մրցակցային ճնշում ստեղծելով տեղական տնտեսությունների վրա:
Թրամփի հարկաբյուջետային քաղաքականությունը, ինչպես գրում է Dünya-ն, ռիսկեր է պարունակում նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար։ Նրա խոստացած հարկերի կրճատումն ուղղված է ԱՄՆ-ի ներսում տնտեսական աճը խթանելուն, բայց միևնույն ժամանակ դրանք մեծացնում են բյուջեի դեֆիցիտը։ Ենթադրվում է, որ դրա դեմն առնելու են պետական պարտատոմսերի թողարկումն ու տոկոսադրույքների բարձրացումը։ Տոկոսադրույքների բարձրացումը նշանակում է զարգացող երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար արտաքին փոխառությունների ծախսերի աճ, գրում է թերթը։
Այս իրավիճակը, զուգորդված դոլարի ամրապնդման հետ, կարող է բացասաբար ազդել հանրապետության տնտեսության հավասարակշռության վրա։ Մինչդեռ այդ միջոցառումների էֆեկտը կհետաձգվի մինչև 2026 թվականը՝ կապված այն բանի հետ, որ բյուջեում ներառված է պարտատոմսերի թողարկումը, որի հաստատումը երկար ժամանակ է պահանջում։