Ապրիլի 12-ի առավոտյան Իրանի հյուսիսարևմտյան Կոտուր շրջանում 4․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տեղեկության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները արձանագրվել են տեղական ժամանակով 6։53-ին։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 6 կմ խորության վրա։
Կոտուր շրջանը մտնում է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի կազմի մեջ։ Նահանգի հակաճգնաժամային կառավարման գործակալության հայտարարության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ավերածություններ և զոհեր չկան։
Հիշեցնենք, որ նշված տարածաշրջանում վերջին ուժգին ստորգետնյա ցնցումները գրանցվել էին այս տարվա փետրվարին։ Այն ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել 104 մարդ։