Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիան Իսրայելի շահերից չի բխում: Նման տեսակետ է ներկայացված The Jerusalem Post-ում հրապարակված հոդվածում:
Հոդվածում նշվել է, որ Իսրայելի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ առանցքային է եղել Հարավային Կովկասում նրա արտաքին քաղաքականության իրականացման համար: Սակայն Ադրբեջանը, կարծես, շատ ավելի ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի դեմ, ինչն Իսրայելի շահերից չի բխում:
«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կլինի ագրեսիա, որին Իսրայելը չպետք է օգնի կամ աջակցի»,- նշված է հոդվածում:
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»: Միջանցքով կմեծանան Թուրքիայի հավակնությունները՝ տարածելով նրա ազդեցությունն ամբողջ տարածաշրջանում: Նշվել է, որ Թուրքիան կարող է հսկայական ազդեցություն ունենալ Սիրիայի նոր վարչակարգի վրա՝ թուրքական ազդեցությունը Կենտրոնական Ասիայից մինչև Գոլանի սահման հասցնելով: Իսկ Էրդողանի նեոօսմանյան տեսլականը չի սահմանափակվում միայն Սիրիայով: Որպես օրինակ հիշեցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ բերելը:
Հետևաբար, ըստ հոդվածի, Թուրքիայի այս արտաքին քաղաքականությունն ակնհայտորեն թշնամական է Իսրայելի նկատմամբ։
Թուրքիայի գործողությունները մարտահրավեր են նետում նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին: Բացի այդ «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար:
«Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այն պետք է դեմ լինի «Զանգեզուրի միջանցքին»՝ հավասարակշռելով իր ռազմավարական դաշինքը Ադրբեջանի հետ, միաժամանակ սկզբունքային դիրքորոշում որդեգրելով ընդդեմ թուրքական գոծողությունների դեմ»,- ասված է հոդվածում: