Իսրայելը լրջորեն անհանգստացած է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Վաշինգտոնի մտադրությամբ։ Այս մասին հայտնում է պետական Kan հեռուստառադիոընկերությունը:
Հեռուստառադիոընկերության փոխանցմամբ, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները Իսրայելի ներկայացուցիչներին հասկացրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված է սիրիական տարածքում մնացած հազարավոր ամերիկացի զինվորների դուրսբերմամբ։ Kan-ը նշում է, որ այս քայլը, մասնավորապես, «կազդի Սիրիայում քրդական փոքրամասնության վրա»։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հունվարի 28-ին սիրիական կողմից Հերմոն լեռան գագաթին գտնվող բանակային դիրք կատարած այցի ժամանակ ասել է, որ իսրայելական զորքերը անորոշ ժամանակով կմնան Սիրիայի հետ սահմանային բուֆերային գոտում և Հերմոն լեռնաշղթայի սիրիական հատվածում։ Նույն օրը Իսրայելի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները լեռնաշղթայի սիրիական կողմում պատրաստվում ձմռանը։