Այսօր՝ հունվարի 30-ին, աշխատանքային այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը։ Վարչապետ Կոբախիձեն նախօրեին անդրադարձել է այցին՝ նշելով, որ այն կենտրոնանալու է հատկապես տնտեսական հարցերի վրա։
«Մեզ համար շատ կարևոր է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։ Մենք Հայաստանի հետ ունենք արտասովոր բարեկամություն և ռազմավարական գործընկերություն, և, բնականաբար, վաղվա այցը Երևան ծառայում է մեր հարաբերությունների հետագա խորացմանը։ Վաղվա այցը կկենտրոնանա հատկապես տնտեսական հարցերի վրա, և մենք կանդրադառնանք Վրաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր հարցերի։ Այստեղ էլ ունենք մշտական աճ՝ թե՛ առևտրային հարաբերություններում, թե՛ բազմաթիվ այլ ուղղություններով։ Ըստ այդմ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս օգտագործենք այս ռեսուրսը, որը հավելյալ առկա է հարաբերություններում»,- ասել է Վրաստանի վարչապետը։