Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի 2-ից վերսկսվել են բողոքի ցույցերը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են երկրում նոր ընտրություններ անցկացնել և բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակել։
«Թբիլիսի մոլ»-ից և Թբիլիսիի քաղաքային դատարանից երթի մասնակիցները փետրվարի 3-ի կեսգիշերն անց հասել են Ռուսթավելի պողոտա՝ հավաքվելով խորհրդարանի շենքի դիմաց։ Երթի ընթացքում ոստիկանները շարունակել են բերման ենթարկել մասնակիցներին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ցուցարարների նկատմամբ ուժ են կիրառել։ Նախնական տվյալներով ձերբակալվել է 34 մարդ։
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել հետաքննել ոստիկանության կողմից ուժի կիրառման բոլոր փաստերը, սակայն հանրահավաքների մեկնարկից մինչ օրս որևէ ուժայինի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։
Թբիլիսիում իրադրության ու ձերբակալություններին անդրադարձել են նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը։Կալասը հայտարարել է, թե «Վրաստանը չի արդարացնում թեկնածու երկրի ոչ մի ակնկալիք և որ ԵՄ-ն կանգնած է Վրաստանի ժողովրդի կողքին ազատության ու ժողովրդավարության համար նրանց պայքարում»:
Սենատոր Ջո Ուիլսոնն իր հերթին անդրադարձել է իրավիճակին՝ կոչ անելով ԵՄ անդամներին պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ։