Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին, նշել է, որ Իրանի համար կարևոր է Կովկասի տարածաշրջանի և հարևան բոլոր երկրների անվտանգությունը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի։ Նա ընդգծել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի երկու երկրների հետ, և վերջին շրջանում դիվանագիտական շփումները հաճախակիացել են։
«Նախկինում ևս հայտարարվել է, և այժմ կրկին հաստատվում է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդմանը, այդ թվում՝ երկու երկրների միջև բանակցությունների առաջմղման միջոցով»,-շեշտել է նա։
Խոսելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջևի Թեհրան այցի մասին՝ Բաղաեին նշել է, որ այս այցը երկկողմ բնույթ ունի և շարունակությունն է Իրանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների։
«Նա քննարկումներ է ունեցել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և որոշ խնդիրների լուծման վերաբերյալ։ Հույս ունենք, որ այս այցը կդառնա ընդհանուր մտահոգությունների ավելի լավ ըմբռնման և բոլոր ոլորտներում հարաբերությունների բարելավման սկիզբ»,-հայտնել է նա։