Իսրայելը մինչև շաբաթվա վերջ աշխատանքային մակարդակով պատվիրակություն կուղարկի Կատար, իսկ վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադառնալուն պես կհրավիրի անվտանգության նիստ՝ քննարկելու Իսրայելի դիրքորոշումը Գազայի գործարքի երկրորդ փուլի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։
«Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի հետ: Հանդիպումից հետո Իսրայելը պատրաստվում է աշխատանքային պատվիրակություն ուղարկել Դոհա այս շաբաթվա վերջին՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի հետագա իրականացման հետ կապված տեխնիկական մանրամասները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ գործարքի առաջին փուլը ստորագրվել էր հունվարի 16-ին Դոհայում, որի շրջանակում 33 իսրայելցի պատանդ ազատ է արձակվել 2000 պաղեստինցի գերիների դիմաց։