Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը հայտնել է, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Թուրքիան վերացնում է իրանական բեռնատարներից գանձվող հավելյալ մաքսատուրքերը, իսկ Իրանը, իր հերթին, թուրքական բեռնատարների համար վերացնում է լիքը բաքի պարտադրանքը:
Նրա խոսքով՝ 3 ամսվա ընթացքում ձևավորվելու է համատեղ կոմիտե, որտեղ քննարկելու են վառելիքի գնի հաշվարկման և խնդրին առնչվող այլ հարցեր:
Հիշեցնենք, որ 2024թ․ տարեվերջին Թուրքիան իրանական բեռնատարներից յուրաքանչյուր լիտր վառելիքի դիմաց գանձում էր 28.064 լիրա (՜29): Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ի պատասխան, իրանական կողմն էլ դադարեցրել էր թուրքական բեռնատարներին դիզվառելիքի տրամադրումը, ինչն իր հերթին առաջացրել է թուրք վարորդների դժգոհությունը: Թուրքական կողմի որոշումը հաջորդել է Իրանում «լիքը բակի» նախագծի ներդրմանը, ինչը ենթադրում էր, որ Իրանից դուրս գալիս իրանական ու արտասահմանյան բեռնատարները պետք է կա՛մ բաքը մինչև վերջ լիցքավորեն, կա՛մ համարժեք գումարը վճարեն: Նախագիծն ուղղված է դիզվառելիքի մաքսանենգության կանխմանը: