ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ կապված Գազայի հատվածի վրա ԱՄՆ-ի հնարավոր երկարաժամկետ «սեփականության» մասին ցնցել են Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով, թեև նախագահի ելույթը կողքից «պաշտոնական և մտածված» էր թվում, սակայն դրան չեն նախորդել նման դեպքերում պահանջվող խորհրդակցությունները Պետքարտուղարության և Պենտագոնի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ հնարավորություն չի ունեցել հաշվարկել այս նախաձեռնության արժեքը և մտածել, թե քանի զինվորական կպահանջվի այն իրականացնելու համար և ինչ պլանով են գործելու։
Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը մասնավոր զրույցներում խոսել է Գազայի հնարավոր «սեփականացնելու» մասին, սակայն այդ հարցը պաշտոնական մակարդակով չէր բարձրացվել։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի այցը այդ հատված, հավանաբար, ամրապնդել է Թրամփի այդ միտքը, բայց ոչ Սպիտակ տունը, ոչ Իսրայելի պաշտոնյաները չէին սպասում, որ նա այդ մասին կհայտարարի փետրվարի 4-ին:
Սպիտակ տունն անդրադարձել է Թրամփի այս հայտարարությանը և փորձել մեղմել այն։ Մամուլի քարտուղար Կարոլայն Լևիթը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ պաղեստինցիները տեղահանվելու են ժամանակավորապես, այլ ոչ թե մշտական տեղահանվելու, ինչպես մեկ օր առաջ ասել էր Թրամփը, և որ ԱՄՆ-ի ոչ մի հարկային դոլար չի ծախսվի տարիներ պահանջող վերակառուցման վրա։