Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ իշխող կուսակցությունը ընդունելու է օրինագիծ, «որը կլինի ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) գործող տարբերակի ուղղակի պատճենը»: Նա նաև նշել է, որ զուգահեռաբար կառավարությունը հիմնադրամ է ստեղծելու հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների ֆինանսավորման համար, ինչի համար փոփոխություններ են կատարվելու «Դրամաշնորհների մասին» օրենքում։
«Նախորդ տարի խորհրդարանն ընդունեց FARA-ի մեղմացված տարբերակը, որը դեռ ամբողջությամբ չի իրականացվել: Ինչպես գիտեք, չնայած դրա ուժի մեջ մտնելուն, Վրաստանի մի քանի տասնյակ ամենահարուստ և ամենամեծ հասարակական կազմակերպությունները, որոնք ստանում են արտաքին ֆինանսավորում, նույնիսկ գրանցված չեն գրանցամատյանում։ Ուստի թեթեւ տարբերակի փոխարեն մենք կընդունենք նորը` ամերիկյան օրենքի գործող տարբերակի պատճենը, և կապահովենք դրա լիարժեք կատարումը»,- ասել է Մդինարաձեն։
Բացի այդ, ըստ նրա, օրենսդրությունից կհանվեն բոլոր այն դրույթները, որոնք ենթադրում են ոչ կառավարական հատվածի մասնակցություն կառավարության որոշումներին։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանի և Արևմուտքի միջև տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն է։ Արևմուտքի ներկայացուցիչները կարծում են, որ օրենքը չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին, մինչդեռ վրացական իշխանությունները պնդում են, որ օրենքը ուղղված է միայն օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության ապահովմանը և շատ ավելի մեղմ է, քան իր արևմտյան գործընկերները։