Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո անցումային կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան գրավել է արաբական ԶԼՄ-ների ուշադրությունը:
Լրատվամիջոցներն ակտիվորեն և մանրամասնությամբ հետևում են նոր նախագահի գործողություններին՝ ընդհուպ մինչև նրա հանդերձանքին: ԶԼՄ-ները, մասնավորապես, նկատել են, որ վերջին այցելություններին ալ-Շարաան ներկայանում է պաշտոնական կոստյումով: Սակայն ուշադրություն է գրավել նրա փողկապի գույների ընտրությունը:
Al Arabiya-ն գրում է՝ արդյո՞ք ալ-Շարաայի փողկապի գույները դիվանագիտական ուղերձներ են պարունակում, թե՞ միայն պատահականություն է:
Երբ առաջին անգամ ալ-Շարաան ներկայացավ հանրությանը, նա կրում էր կանաչ փողկապ, որը խորհրդանշում էր Սիրիայի նոր դրոշի կանաչ գույնը:

Անցյալ շաբաթ Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ նա կրում էր մուգ կարմիր փողկապ, որն ի պատիվ Կատարի դրոշի գույնի էր:

Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ հանդիպման ժամանակ ալ-Շարաայի փողկապը կանաչ էր՝ այս անգամ ի պատիվ Սաուդյան Արաբիայի դրոշի:

Օրերս Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա կրում էր կարմիր փողկապ՝ Թուրքիայի դրոշի գույնով:

Al Arabiya-ի հետ հարցազրույցում, երբ ալ-Շարաան փորձել է ուղղել փողկապը, հաղորդավարը հարցրել է, թե արդյո՞ք պաշտոնական հագուստը ինչ-որ կերպ ձանձրալի չէ: Ալ-Շարաան էլ կատակել է՝ ասելով, թե չգիտի՝ ինչու է ամեն անգամ լրատվամիջոցներում աժիոտաժ առաջանում, երբ ինքը պաշտոնական է հագնվում: