Իսրայելի թիվ մեկ ռազմավարական խնդիրն է պաղեստինյան սպառնալիքն ամբողջովին հեռացնել Իսրայելի սահմաններից։ Այս մասին ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ Գազայի բնակչությանը տարհանեն հարևան արաբական երկրներ:
«Դա կարող է իրականանալ միայն այն դեպքում, երբ աշխարհում արմատական խորքային փոփոխություններ տեղի ունենան, այսինքն համաշխարհային պատերազմ լինի։ Այդ դեպքում, իհարկե, դա կանխատեսելի սցենար է։ Ներկայիս պայմաններում նման սցենարը կենսագործելի չէ, բայց շատ ավելի հավանական կենսագործելի է, քան այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը առաջին անգամ այդ մասին խոսեց՝ 2010-ականների վերջին: Նա այդ ժամանակ ներկայացրեց պաղեստինա-իսրայելյան կարգավորման իր ծրագիրը, որը հայտնի է դարի գործարք անվանմամբ:
Ըստ այդմ, Հորդանանին, Եգիպտոսին և մյուս արաբական երկրներին ահռելի գումարներ էին խոստացվում, եթե նրանք համաձայնեն և պահպանեն իրենց մոտ պաղեստինցիների ճամբարները և կամ ընդունեն նոր փախստականներ։ Հիմա դա հնարավոր սցենար չէ, բայց դա Իսրայելի համար ամենաբաղձալի սցենարն է՝ Գազայի բնակչությունից ազատվելու համար»,- ասել է փորձագետը:
Աղբյուրը՝ News.am