Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում, ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր “American Enterprise Institute”-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։