Փետրվարի 8-ին Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը հայտարարեց 24 նախարարի բաղկացած կառավարություն ձևավորելու մասին։ Դիվանագետ և Արդարադատության միջազգային դատարանի նախկին նախագահ Սալամը խոստացել է բարեփոխել Լիբանանի դատական համակարգը, վնասված տնտեսությունը, ինչպես նաև կայունություն հաստատել երկրում, որը տասնամյակներ բախվել է բազմաթիվ տնտեսական, քաղաքական և անվտանգային ճգնաժամերի:
«Բարեփոխումը ճշմարիտ փրկության միակ ճանապարհն է»,-կառավարության կազմը հայտարարելուց հետո ունեցած ելույթում ասել է Սալամը։
Ստորև ներկայացնում ենք կառավարության նոր նախարարների անունները․
Փոխվարչապետ՝ Տարեկ Միտրի, Պաշտպանության նախարար՝ Միշել Մենասա, Արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով նախարար՝ Յուսեֆ Ռաջջի, Հեռահաղորդակցության նախարար՝ Չարլզ ալ-Հաջ, էներգետիկայի և ջրի նախարար՝ Ջոզեֆ Սադդի, ներքին գործերի նախարար ՝ Ահմադ ալ-Հաջար, Արդարություն՝ Ադել Նասսար, Ֆինանսներ՝ Յասին Ջաբեր, Առողջապահության նախարար՝ Ռական Նասերեդին, Մշակույթի նախարար՝ Ղասսան Սալամե, Արդյունաբերության նախարար՝ Ջո Իսա ալ-Խուրի, Էկոնոմիկայի և առևտրի նախարար՝ Ամեր ալ-Բսսատ, Գյուղատնտեսության նախարար՝ Նիզար Հանի, Տեղեկատվության նախարար՝ Փոլ Մորկոս, Սոցիալական հարցերի նախարար՝ Հանինե ալ-Սայեդ, հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար՝ Ֆայեզ Ռասամնի, Տեղահանվածների նախարար և տեխնոլոգիական հարցերով պետական նախարար՝ Քամալ Շեհադեհ, Աշխատանքի նախարար՝ Մուհամմադ Հայդար, Երիտասարդություն և սպորտի նախարար Նորա Բայրաքտարյան, Զբոսաշրջության նախարար՝ Լաուրա ալ-Խազեն Լահուդ, Վարչական զարգացում՝ Ֆադի Մակկի, Կրթության նախարար՝ Ռիմա Քարամի, Շրջակա միջավայր՝ Թամարա ալ-Զեյն։
Լիբանանի նոր կառավարությանը, ի թիվս այլ երկրների, շնորհավորանքներ է ստացել նաև Հայաստանից։
«Անկեղծորեն շնորհավորում ենք Նաուաֆ Սալամին՝ Լիբանանի վարչապետ նշանակվելու և կառավարության ձևավորման առթիվ։ Մաղթում ենք Ձեզ հաջողություններ ձեր պատասխանատու գործում՝ ի շահ երկրի և ժողովրդի։ Հայաստանի Հանրապետությունը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իր պատրաստակամությունը»,- նշել է Փաշինյանը։
Իր հերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ջերմ շնորհավորանքներս Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ ամենայն հաջողություն, Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը: