Փետրվարի 8-ին Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանն ու Արաղչին քննարկել են երկկողմ հարցերն ու Պաղեստինում տիրող իրավիճակը։
Նույն օրը Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Թեհրանում հանդիպել է Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբի և ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Թուրքական անվտանգային աղբյուրները հայտնել են, որ հանդիպումներում համակողմանիորեն քննարկվել են Քրդական բանվորական կուսակցության և Իսլամական պետության գլխավորությամբ բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը, ընդհանուր սպառնալիքները, Սիրիայում իրավիճակը, Գազայում հրադադարի և Պաղեստինի հարցի հետ կապված զարգացումները։