ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել եգիպտոացի իր գործընկեր Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է փետրվարի 9-ին։
«Ես նրանց հետ կհանդիպեմ, ի դեպ, մեկ անգամ չէ»,-Լուիզիանայի թռիչքի ժամանակ իր ինքնաթիռում գտնվող լրագրողի հարցին պատասխանել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդը չի հստակեցրել, թե երբ և որտեղ կարող են տեղի ունենալ այդ հանդիպումները։
Թրամփը չի ասել, թե կոնկրետ ինչ թեմաներ է մտադիր քննարկել Եգիպտոսի նախագահի և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ։ Միաժամանակ, ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ կկարողանա արաբական երկրների ղեկավարներին համոզել Գազայի հատվածից իրենց տարածք պաղեստինցիներին վերաբնակեցնելու անհրաժեշտության մասին։ «Ինչո՞ւ են նրանք տատանվում նրանց ընդունելու հարցում։ Որովհետև նրանք ինձ հետ չեն խոսել»,-ասել է Թրամփը՝ խոսելով արաբ առաջնորդների մասին։
«Երբ նրանք խոսեն ինձ հետ, նրանք կընդունեն նրանց (պաղեստինցիներին)»,- հավելել է նա։