Իրանի նկատմամբ միջազգային իրադրության լարվածության և Արևմուտքի հետ սահմանափակ հարաբերությունների պայմաններում Թեհրանն ավանդաբար առաջնորդվել է «հայացք դեպի Արևելք» քաղաքականությամբ, որտեղ իր առանձնահատուկ տեղն է ունեցել Չինաստանը:
Պեկինն այն հիմնական գործընկերներից է, որի հետ Թեհրանը ձգտում է խորացնել համագործակցությունը՝ նրան դիտարկելով որպես ռազմավարական դաշնակից՝ հաշվի առնելով նրա տնտեսական հզորությունը և միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի ազդեցությանը հակազդելու ունակությունը: Թեև Վաշինգտոնի քաղաքականությունը նշանակալի դեր է խաղում Իրանի՝ Չինաստանի ուղղությամբ կողմնորոշման հարցում, սակայն երկկողմ կապերը զարգացել են նաև դրանից անկախ՝ օրինակ 2015թ. Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների [խմբ.՝ ՄԱԿ ԱԽ երկրներ (ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) և Գերմանիա] միջև միջուկային համաձայնագրի կնքումից և ԻԻՀ-Արևմուտք հարաբերություններում լարվածության որոշակի թոթափումից հետո: Ավելին, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հնարավորություններ էր բացել տնտեսական ոլորտում իրանա-չինական համագործակցության համար, որոնք հետագայում սահմանափակվեցին ԱՄՆ կողմից համաձայնագրից դուրս գալուց հետո:
Քաղաքական ոլորտում համագործակցությունը
2018-2023թթ. Իրանի և Չինաստանի հարաբերություններում ամենանշանակալի զարգացումը 25-ամյա համապարփակ համագործակցության փաստաթղթի ստորագրումն է: Փաստաթղթի ստորագրման հարցը երկրներն օրակարգում են ներառել դեռ 2016 թվականին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի Իրան կատարած այցով:
Փաստաթղթի մշակման բանակցությունները տևել են 5 տարի. այն ստորագրվել է 2021թ. մարտին՝ ԻԻՀ և Չինաստանի արտգործնախարարների միջև: Չնայած փաստաթղթի շուրջ բարձրացված միջազգային մեծ աղմուկին, գործնականում այն համագործակցության տարբեր ոլորտները նախանշող ճանապարհային քարտեզ էր, որը որևէ պարտավորություն չէր ենթադրում: Փաստաթղթի ստորագրումը, ըստ էության, ամրագրում էր երկկողմ հարաբերությունները զարգացնելու կողմերի քաղաքական կամքը:
Չինական ուղղությունն Իրանի ուշադրության կենտրոնում է մնացել նաև հետագա տարիներին: 2023 թ․ փետրվարիին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Պեկին կատարած եռօրյա պետական այցի ընթացքում Իրանը և Չինաստանը տարբեր ոլորտներում համագործակցության 20 փաստաթուղթ են ստորագրել: Նույն տարվա հուլիսից Իրանն անդամակցել է է Շանհայի համագործակցության կազմակերպությանը։
2023թ. իրանա-չինական հարաբերություններում ուշագրավ է դարձել նաև մեկ այլ հանգամանք. Չինաստանի միջնորդությամբ Իրանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանավորվածություն ձեռք բերեցին:
Անվտանգային-պաշտպանական համագործակցություն
Իրանն ու Չինաստանը համագործակցություն են ծավալում նաև անվտանգային ոլորտում, մասնավորապես՝ ՌԴ մասնակցությամբ կողմերը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում: Առաջին եռակողմ զորավարժությունն անցկացվել է 2019 թվականին, Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում՝ «Ծովային անվտանգության գոտի» խորագրով: Զորավարժության հայտարարված նպատակն է եղել ամրապնդել անվտանգությունը տարածաշրջանում և ընդլայնել բազմակողմ համագործակցությունը՝ աջակցելու գլոբալ խաղաղությանը, ծովային անվտանգությանը:
Երկրորդ համատեղ զորավարժությունն անցկացվել է 2022թ. հունվարին, Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ «Միասին հանուն խաղաղության և անվտանգության» կարգախոսով։ Իրանական կողմը հայտարարել է, որ զորավարժության անցկացման նպատակը «Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական հարաբերությունների բովանդակալից և նշանակալի մակարդակի հասնելն է»։ Նույն թվականի ապրիլին 27-ին նախագահ Էբրահիմ Ռայիսին հյուրընկալել է Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեին՝ քննարկելու երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման հարցը:
Եռակողմ երրորդ զորավարժությունն անցկացվել է 2023թ. մարտի 24֊ին Օմանի ծոցում։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս համատեղ զորավարժությունների նպատակը երեք երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության զարգացումն է:
Տնտեսական համագործակցություն
Թեհրանի և Պեկինի միջև տնտեսական հարաբերությունները հիմնականում հիմնված են նավթի և սպառողական ապրանքների առևտրի վրա: Չինաստանը գնում է Իրանի նավթը՝ փոխարենը մեքենաներ, էլեկտրոնիկա, տեխնիկա վաճառում Իրանին:
1992-2022թ. Թեհրան-Պեկին առևտրաշրջանառության տվյալները ցույց են տալիս, որ 1990-ականներից Իրան-Չինաստան առևտուրը դինամիկ աճել է, սակայն 2015-ից առևտրաշրջանառության ծավալներն որոշակիորեն սկսել են նվազել՝ առավել մեծ անկում գրանցելով 2018թ. հետո, ինչը Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու և պատժամիջոցների վերականգնման հետևանքով էր:
Երկկողմ առևտրի ամենաբարձր ցուցանիշը եղել է 2014 թվականին՝ կազմելով 37 միլիարդ դոլար, իսկ 2022թ. տվյալներով՝ առևտուրը կազմել շուրջ 16 միլիարդ դոլար: Ընդ որում, եթե ավանդաբար Իրանից Չինաստան արտահանումը հիմնականում գերակշռող է եղել, վերջին տարիներին աճող միտում ունի Չինաստանից Իրանի ներկրումը։

2022 թվականին Իրանը Չինաստան է արտահանել 5,72 մլրդ դոլարի ապրանք։ Հիմնական ոչ նավթային ապրանքները, որոնք Իրանն արտահանել է Չինաստան, էթիլենի պոլիմերներն են, ացիկլիկ սպիրտները և զտված պղինձը:
2023 թվականին չինական ապրանքների արտահանումը դեպի Իրան կազմել է 10 միլիարդ դոլար, որը 2019–2023 թթ կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է:
Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումն իր ազդեցությունն է թողել նաև Իրանից Չինաստան նավթի արտահանումների, ներդրումների կրճատման վրա։ Ի թիվս արտասահմանյան այլ ընկերությունների, 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո Իրանում ներդրումներ կատարած չինական ընկերությունները ևս պատժամիջոցների վերականգնումից հետո հետ են կանչել իրենց ներդրումները: Օրինակ՝ չինական ազգային նավթային ընկերությունը, որը 2016 թվականին Հարավային Պարս բնական գազի հանքավայրում 600 միլիոն դոլար ներդնելու համաձայնագիր էր ստորագրել,2018թ․ չեղյալ հայտարարեց իր ներդրումները։
Այնուամենայնիվ, չնայած ամերիկյան պատժամիջոցները կարճ ժամանակահատված ազդել են Իրանից Չինաստան նավթի արտահանման ծավալների վրա, սակայն անգամ այդ պարագայում Չինաստանը եղել է Իրանի նավթի հիմնական գնորդը և օգնել է վերջինիս շրջանցել պատժամիջոցները։

Թեհրանը պատժամիջոցները շրջանցելու և նավթի անխափան վաճառքը շարունակելու համար նախ զեղչեր է առաջարկել ասիացի գնորդներին։ Այնուհետև Իրանը սկսել է մի շարք հնարքներ կիրառելով ապահովել նավթի արտահանումը։ Օրինակ՝ անջատելով նավերի նույնականացման համակարգերը կամ օգտագործելով երրորդ կողմի միջնորդներ Օմանում, Մալայզիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում:
2020 թվականին COVID-19-ի բռնկումը ևս ազդել է Իրանց նավթի արտահանման վրա, սակայն հաջորդող տարիներին Իրանից Չինաստան նավթի արտահանումն աստիճանաբար աճել և նույնիսկ գերազանցել է մինչև 2018թ. գրանցած ցուցանիշները: Եթե 2020 թվականին Իրանը Չինաստան է արտահանել օրական մոտ 324 հազար բարել նավթ,ապա 2023 թվականի հունվարից հուլիս ամիսներին արտահանումը հասել է օրական մոտավորապես 1,1 միլիոն բարելի, ինչը նավթի վաճառքից ստացված եկամուտներից կախում ունեցող Իրանի համար կարևոր ցուցանիշ է:
Եզրակացություն
Իրան-Չինաստան հարաբերությունները վերաճել են ռազմավարական գործընկերության՝ ներառելով քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտները։ Չնայած ամերիկյան պատժամիջոցներին ու միջազգային ճնշումներին, Պեկինն ու Թեհրանը կարողացել են գտնել ուղիներ երկկողմ առևտուրը շարունակելու և փոխգործակցությունն ամրապնդելու համար։ Սակայն այս հարաբերություններն ունեն նաև որոշակի սահմանափակումներ․ Իրանը շարունակում է մեծապես կախված մնալ Չինաստանի տնտեսական աջակցությունից, մինչդեռ Չինաստանն ունի այլընտրանքային գործընկերներ էներգետիկ շուկայում։ Հետևաբար, չնայած ներկայիս սերտ կապերին, երկարաժամկետ հեռանկարում կողմերի միջև հարաբերությունների զարգացման տեմպերը մեծապես կախված կլինեն միջազգային իրադրության փոփոխություններից և տարածաշրջանային զարգացումներից։
Հեղինակ՝ Հազարավարդ Խաչատրյան
ԵՊՀ Իրանագիտության ամբիոն, մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի