Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) ֆրանսիացի խաղաղապահները կարող են տեղակայվել հարավային Լիբանանի ռազմավարական վայրերում, որոնք Իսրայելի կարծիքով վտանգ են ներկայացնում իր անվտանգության համար: Այս մասին հայտնում է Al-Akhbar թերթը՝ հղում անելով Բեյրութում կառավարական աղբյուրներին։
Փարիզն այս նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Լիբանանը հրաժարվել է երկարաձգել իսրայելական զորքերի ներկայությունը մի շարք սահմանամերձ շրջաններում, որը կազմում էր զինադադարի համաձայնագրի մաս, և որի ժամկետը լրանում է փետրվարի 18-ին։ Ինչպես նշում է կայքը, Ֆրանսիան առաջարկել է այդ վայրերում զորքեր տեղակայել ֆրանսիական UNIFIL-ի կոնտինգենտից դուրս, որը կազմում է 700 մարդ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հավանություն է տվել Փարիզի նախաձեռնությանը:
Փետրվարի 13-ին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի գեներալ-մայոր Ջասպեր Ջեֆերսը, ով լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի ռեժիմի մոնիտորինգի հանձնաժողովի համանախագահն է, հայտնել էր, որ Իսրայելը մտադիր է հետաձգել իր զորքերի դուրսբերումը Լիբանանի հարավից և պահպանել հսկողությունը սահմանամերձ գոտում։
Ի պատասխան՝ Բըրրին կտրականապես մերժել է հարավային Լիբանանում իսրայելական ռազմական ներկայության երկարաձգման հնարավորությունը և ընդգծել, որ լիբանանյան բանակը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի աջակցությամբ կկատարի սահմանին անվտանգության ապահովման խնդիրը։ Ըստ Al-Akhbar-ի՝ Լիբանանի կառավարությունը փետրվարի 17-ին կայանալիք նիստին կքննարկի Ֆրանսիայի առաջարկը՝ հաշվի առնելով, որ Իսրայելի դիրքորոշումը մտահոգիչ է և սպառնում է նոր ռազմական էսկալացիայով։