Իսրայելական բանակի ստորաբաժանումները, որոնք ցամաքային գործողություններ են իրականացնում սահմանամերձ շրջաններում, սկսել են հետ քաշվել հարավային Լիբանանի արևելյան հատվածի ինը գյուղերից։ Ինչպես հաղորդում է Janoubia լրատվական պորտալը, դրանք լիբանանյան տարածքի վերջին բնակավայրերն են, որոնք իսրայելցի զինվորականները պետք է լքեն մինչև փետրվարի 18-ի առավոտը՝ հրադադարի երկկողմ համաձայնագրով սահմանված վերջնաժամկետը։
Իսրայելի հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է վերահսկողություն պահպանել սահմանային գոտու ռազմավարական կետերի վրա։ Պորտալի տվյալներով՝ իսրայելցի զինվորականները ցանկանում են համոզվել, որ լիբանանյան բանակն ի վիճակի է կանխել շիական «Հեզբոլլահ» շարժման ստորաբաժանումների ներթափանցումը հարավային սահման։
Լիբանանյան բանակի մեքենայացված շարասյուները կեսգիշերից հետո մտել են Բլիդա, Մարկաբա, Մեյս ալ-Ջաբալ, Հուլա և Էդեյսա գյուղերի ծայրամասեր, որտեղից հեռանում են իսրայելական զորքերը։ Այնուհետև նրանք կտեղակայվեն Քֆար Կիլայում, Մարուն Ալ-Ռասում, Մհեյբիբում և Յարունում: Այս բոլոր բնակավայրերը մեծ վնասներ են կրել, ուստի հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել տեղի բնակիչներին՝ կոչ անելով զերծ մնալ իրենց տներ վերադառնալուց մինչև ականազերծման գործողության ավարտը։