Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարման օրոք Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ընդլայնման ու զարգացման հարցին առավել մեծ թափով ու լրջությամբ են հետամուտ:
«Մենք թույլ չենք տա, որ երկու երկրների միջև ամրությանն ու բարեկամությանը վնաս հասցվի», – ասել է Արեֆը՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի նախագահի տեղակալը վերահաստատել է Իրանի ու Ադրբեջանի կառավարությունների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարևորությունը՝ շեշտելով, որ տարբեր ոլորտներում հարևանների հետ հարաբերությունների զարգացումը ԻԻՀ կառավարության ռազմավարությունն է:
Արեֆը, նշելով, որ երկու երկրների տնտեսությունները կարող են միմյանց փոխլրացնող լինել, ընդգծել է ռազմավարական համապարփակ ծրագրի մշակման, առևտրատնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Տնտեսական հարաբերություններն ընդլայնելու համատեքստում նա շեշտել է մասնավոր հատվածի հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը:
Ասադովը ևս նշել է, որ Իրանի հետ հարաբերությունների ընդլանյում են ցանկանում և դրա համար կան շատ հնարավորություններ: Ասադովն Արեֆին հրավիրել է այցելել Ադրբեջան:
Նշենք, որ Ադրբեջանի վարչապետը Թեհրան էր մեկնել՝ մասնակցելու Կասպից ծովի առափնյա երկրների տնտեսական համաժողովին: