Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանատունը հրատապ կոմյունիկե է հրապարակել, քանի որ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագրավել և աճուրդի հանել Պատրիարքարանի ունեցվածքը՝ 1994 թվականից սեփականության հարկի չվճարման և կուտակված պարտքի պատճառով:
Կոմյունիկեում ասվում է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից ներկայացված վարչական միջնորդության նիստը նշանակված է փետրվարի 24-ին: Միջնորդությունը ներկայացվել է որպես փորձ՝ կանխելու Պատրիարքարանի դարավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույքի բռնագանձման գործընթացը, որը, իբրև թե, 1994 թ-ից կուտակված պատքերի դիմաց է իրականացվում:
Նշվել է, որ, եթե Պատրիարքարանի միջնորդությունը մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կբռնագրավի Պատրիարքարանին պատկանող անշարժ գույքը և աճուրդի կհանի դրանք՝ «դատական գործընթացներով երբեք չապացուցված և փաստացի վիճելի պարտքերը մարելու համար»:
Կոմյունիկեում ասվում է, որ դատարան ներկայացված միջնոդրությունն ուղղված է հավաքագրման աշխատակցի՝ Երուսաղեմի քաղաքապետարանի աշխատակցի գործողությունների դեմ, ով «որոշել է», որ Պատրիարքարանը աստղաբաշխական պարտք ունի՝ հաշվի չառնելով վաղեմության ժամկետը և չտրամադրելով ենթադրյալ պարտքի հստակ սահմանումը։
Կոմյունիկով կոչ է արվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ներքին գործերի նախարար Մոշե Արբելին և կառավարական կոմիտեի ղեկավար Ցաչի Հանեգբիին վճռականորեն միջամտել և անհապաղ սառեցնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դեմ քաղաքապետարանի բոլոր գործողությունները։