Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է, որ Գազայի բնակիչներին վերաբնակեցնելու ԱՄՆ նոր վարչակազմի ծրագրերն անընդունելի են, և Թուրքիան դա թույլ չի տա։
«Մենք վճռականորեն ընդգծել ենք, որ երբեք թույլ չենք տա, որ իրականանան Իսրայելի կողմից հրահրված ամերիկյան վարչակազմի անմարդկային, անօրինական ծրագրերը, որի նպատակն է Գազայի մեր եղբայրներին վտարել իրենց հայրենիքից»,-իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ ասել է Էրդողանը։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածը երկարաժամկետ սեփականաշնորհելու տարբերակը։ Թրամփը հանդես է եկել նաև պաղեստինցիների՝ անկլավից տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու նախաձեռնությամբ։