Գազայի վերակառուցման ծրագիրը պետք է կապված լինի մի ճանապարհի հետ, որը տանում է դեպի «համապարփակ և կայուն խաղաղություն՝ հիմնված «երկու պետություն» սկզբունքով լուծման վրա: Այս մասին ասել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ շեյխ ալ-Նահյանը վերահաստատել է ԱՄԷ-ի հաստատակամ դիրքորոշումը՝ մերժելով պաղեստինցի ժողովրդին իրենց հողից տեղահանելու ցանկացած փորձ:
ԱՄԷ նախագահը և պետքարտուղարը քննարկել են նաև երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը վերջերս հանդես է եկել մի առաջարկությամբ՝ համաձայն որի, ԱՄՆ-ը Գազան վերցնում է իր հսկողության տակ: Առաջարկվել է Գազայի հատվածից դուրս բերել պաղեստինցիներին և վերակառուցել այն: Վերակռուցման գործընթացին կարող են մասնակցել նաև մերձավորարևելյան երկրներ:
Այս առաջարկը քննադատության է ենթարկվել շատ երկրների կողմից: Վերջին օրերին Գազայի վերակառուցման սեփական ծրագիրն է ներկայացրել եգիպտական կողմը: