Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է աշխատանքային այցով Թեհրանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է երկկողմ պայմանավորվածությունների, հատկապես՝ ռազմավարական համագործակցության պայմանագրի իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ երկու երկրները համագործակցության խորացման լավ հնարավարություններ ունեն և որ Թեհրանը վճռական է Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում:
Կարևորելով տարածաշրջանային կառուցողական փոխառնչությունների շարունակումը՝ ԻԻՀ նախագահն ընդգծել է.
«Տարածաշրջանային խնդիրների հետ կապված Իրանն ու ՌԴ-ն մոտ տեսակետներ ունեն և հետամուտ են իրենց տարածաշրջանային ու միջազգային համագործակցության ամրապնդմանը, ինչպես երկկողմ փոխառնչությունների, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԵԱՏՄ-ն, ԲՐԻԿՍ-ը»:
Լավրովը իր հերթին Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնները և ընդգծել երկկողմ համաձայնությունների իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը: ՌԴ ԱԳ ղեկավարը ԵԱՏՄ-ին ԻԻՀ միանալու գործընթացի ավարտը որակել է որպես առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու նոր և արդյունավետ հնարավորություն:
«Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր շատ շահեր ունեն միմյանց հետ տարածաշրջանային արդյունավետ համագործակցությունը շարունակելու հարցում»,-ասել է Լավրովը: