Թուրքիան ուկրաինական կողմից ստացել է երկրի վերակառուցման նախագծերի ցանկը, որոնց մասնակցելու մրցույթները նախատեսվում են անցկացնել գարնանը։
Ուկրաինայի համապատասխան գերատեսչությունների կողմից կազմված և Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատան միջոցով փոխանցված այս ցանկը ներառում է նախագծեր, որոնց իրականացումը հրատապ է և պետք է տեղի ունենա 2025 թվականին։ Մրցույթները նախատեսված են ապրիլ-մայիս ամիսներին։
Ցուցակում, ինչպես նշում է Türkiye թերթը, ներառված են էներգետիկայի և էներգաարդյունավետության, սոցիալական բնակարանների կառուցման և ջրամատակարարման համակարգերի նախագծեր։ Կիևի ենթակառուցվածքների ոլորտում առաջնահերթ խնդիրն է մայրուղիներում գործող մաքսային և տեսչական կետերի վերականգնումը կամ վերանորոգումը, նոր մայրուղիների կառուցումը և ողջ երկրում վճարովի ճանապարհների համակարգի ստեղծումը:
Թուրքիան նախկինում բազմիցս հայտարարել էր Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու իր շահագրգռվածության մասին։ Տեղական կապալառուները հույս ունեն, որ հակամարտության ավարտից հետո նրանք կկարողանան ակտիվորեն զբաղվել քաղաքների և ենթակառուցվածքների վերակառուցմամբ։