Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը վերախմբավորում է իր ուժերը Գազայի հատվածում՝ նախապատրաստվելով Իսրայելի հետ առճակատման նոր փուլի։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ներկայացուցիչների միջև բանակցություններին ներկա արաբ միջնորդները:
Անկլավում հրադադարի պայմանագրի ժամկետը լրանում է մարտի 1-ին։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ վտանգ կա, որ Իսրայելն ու «ՀԱՄԱՍ»-ը չեն կարողանա պայմանավորվել դրա երկարաձգման շուրջ։
Ըստ թերթի աղբյուրների՝ «ՀԱՄԱՍ»-ը սկսել է վերականգնել Գազայի հատվածում թունելների ստորգետնյա ցանցը, մշակել կրակակետեր տեղադրելու պլաններ և նոր մարտիկներ պատրաստել՝ իսրայելական բանակի դեմ պարտիզանական պատերազմ վարելու համար։
Նշենք, որ կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում մինչ օրս «ՀԱՄԱՍ»-ն ազատել է արձակել իսրայելցի 25 ողջ մնացած պատանդների և փոխանցել է 4 դի: Ակնկալվում է, որ փետրվարի 27-ին շարժումը կվերադարձնի ևս չորս զոհված պատանդների մարմինները։
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը ցանկանում է հասնել համաձայնագրի առաջին փուլի անժամկետ երկարացման՝ երկրորդ փուլին անցնելու փոխարեն, ինչը պետք է նպաստի հակամարտության վերջնական կարգավորմանը։