1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250 000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ[1]։ Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին[2]։
Հայերի ջարդի վերաբերյալ առկա են ականատեսների բազմաթիվ վկայություններ, միջազգային կառույցների զեկուցումներ, պաշտոնական փաստաթղթեր, դատական գործերի նյութեր և դատավճիռներ, գրում է Գեղարդ հիմնադրամը:
Ի պատասխան արցախցիների՝ Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորման արդար պահանջի՝ ադրբեջանական կողմն սկսեց սպառնալ նրանց ֆիզիկական բռնությամբ։ Դեռևս 1988 թվականի փետրվարի 14-ին, երբ Ստեփանակերտում անցկացվեց առաջին հանրահավաքը, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը հայտարարեց, թե «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ և սկսել կոտորած»[3]։
Ջարդերից առաջ և դրանց ողջ ընթացքում Սումգայիթում տարածվել են կեղծ լուրեր Հայկական ԽՍՀ Կապան քաղաքում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների նկատմամբ ազգային հիմքով իրականացվող հետապնդումների և դաժանությունների վերաբերյալ։
1990-ական թվականներին ադրբեջանական հասարակական գիտակցության մեջ մասսայականություն էր վայելում, այսպես կոչված, «բունիաթովյան վարկածը»[4], որը սումգայիթյան ջարդերի պատասխանատուներ էր համարում հայ ազգայնականներին, որոնք իբր այդ ամենը կազմակերպել էին ադրբեջանցիներին անվանարկելու նպատակով։ Այս նույն թեզն առաջ է քաշում նաև Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ԳԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Մ․ Իսմայիլովը։ Վերջինս իր գրքում նշում է․ «․․․Սումգայիթյան իրադարձությունների կազմակերպումը հայ ծայրահեղականների ձեռքի գործն է՝ ադրբեջանցի ժողովրդին սևացնելու և ԼՂԻՄ-ի անջատվելը դյուրացնելու համար․․․»[5]։
Վերջին շրջանում «բունիաթովյան վարկածը» դիտարկվում է որպես «դավադրության տեսության ակնառու օրինակ»[6]։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: