Փետրվարի 27-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկում:
Պանելային քննարկումը կազմակերպող հայ-թուրքական հարցերով մասնագիտական «Ermenihaber.am» կայքի գլխավոր խմբագիր Մխիթար Նազարյանը բացման խոսքում նշելով, որ արդեն շուրջ 32 տարի է ինչ հայ-թուրքական սահմանը փակվվել է Թուրքիայի կողմից, ասաց․
«Անցած տարիներին մի քանի փորձեր եղել են հարաբերությունները հաստատելու, սահմանները բացելու, բայց ինչպես գիտենք, դա արդյունք չի տվել։ Հնչել են ամենատարբեր մեկնաբանությունները, ամենատարբեր մեղադրանքները, բայց փաստը մեկն է․ ունենք միջպետական սահման, որը փակ է, թե՛ մարդկանց, և թե՛ բեռների առաջ»։
Ապա, «Ինչպե՞ս է այս ամենը ազդում և ազդել Հայաստանի տնտեսության վրա» հարցադրումով, խոսքը փոխանցեց պանելային քննարկման մասնակից տնտեսագետներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը, խոսելով սահմանային հնարավորությունների մասին, նշեց, որ բաց սահմանները նպաստում են ազատ առևտրին։
«Ազատ առևտուրն էլ նպաստում է համաշխարհային տնտեսության մեջ ռեսուրսների առավել ազատ տեղաբաշխմանը։ Վերջինս իր հերթին նպաստում է, որ երկրները կենտրոնանան այն երկրների վրա, որտեղ իրենք ունեն համեմատական առավելություն»։